Առասպել լուսնի և արևի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ Արևն ու Լուսինը հարազատ քույր ու եղբայր էին և շատ էին սիրում միմյանց: Մի օր Լուսին եղբայրը խնդրեց Արևին.

— Ի՞նչ կլինի, քույրի՛կ, իմձ համար մի կապա՛ կարիր:

Քույր Արևը սիրով համաձայնվեց. Նա շատ էր սիրում եղբորը, ուստի ամբողջ տասնհինգ օր չարչարվեց և մի սիրուն կապա կարեց իր եղբոր համար: Երբ Լուսինն ուզեց կապան հագնել, քույրը տեսավ, որ նա այնպես է մեծացել, լցվել, կլորացել, որ նոր կարած հագուստը բոլորովին վրան չի լինում. Շատ նեղ է:

— Լա՛վ, — ասաց Արևը, — եղբայրիկ, մի՛ տխրիր, մի ուրիշը կկարեմ, ավելի մեծը:

Եվ նորից քույրը տասնհինգ օր չարչարվեց, կոկիկ ու հարմար կապա կարեց՝ այս անգամ ավելի մեծը: Նա դարձյալ ուզում էր հագցնել եղբորը, բայց տեսավ, որ այս անգամ էլ եղբայրն այնքան է փոքրացել, որ բոլորովին կկորչի նոր հանդերձի մեջ: Արեգակ քույրիկը բարկացած ասաց.

— Դու այդ ինչ տեսակ փոփոխական տղա ես, քեզ համար հնարավոր չէ ոչ մի ձևի շոր կարել… Չափսդ անվերջ փոխվում է, և ոչ մի դերձակ քեզանից գլուխ չի հանի: Շատ տխրեց Լուսինը, բայց բնույթն այդպիսին էր՝ փոփոխական: Եվ այդպես էլ նա մերկ մնաց մինչև այսօր:

Լավ գնահատիր քեզ, հասկացիր քո բնույթը և մի՛ նմանվիր ուրիշներին:

Մի ուրիշ զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ-մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *