Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Հնավայրի հնագույն կառույցը եղել է 6-7-րդ դարերով թվագրվող փոքր խաչաձև, եռախորան կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումներով։ Այդ շինությունից մոտ 30 մ արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 11-րդ դարի առաջին կեսին։ Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են հայկական խորշերով։ Գեղեցկությամբ առանձնանում է Ավագ խորանի ճակատամասը, որի մակերեսին երկրաչափական, բուսական և կենդանական թեմաներով հարթաքանդակներ են։ Գեղարվեստական արժեք է ներկայացնում կենտրոնական սալաքարի վրա փորագրված սիրամարգի հարթաքանդակը՝ բացված պոչով, կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած։ Պատկերը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ։ 1207 թ.-ին իշխան Վահրամ Չավուշը Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել է քառասյուն, բրգաձև երդիկով գավիթ, որի շարվածքի սև և կարմիր տուֆի համադրությունը ներսում բազմագունություն է մտցրել։ Կաթողիկե եկեղեցուն հարավից կից է գրատունը՝ արևելյան կողմում գրիչների համար նախատեսված չորս խցերով, իսկ գավթին հյուսիսից կից է քառասյուն մի շինություն, որը ենթադրաբար ծառայել է որպես մատենադարան։ Վանական համալիրի հյուսիսարևմտյան կողմում առանձին կանգնած է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատան հյուսիսային պատը (13-րդ դար)։ Համալիրի արևմտյան կողմում գտնվում է վանքի գերեզմանատունը։ 1827-թ.-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից։ 1979 թ-ին հնագետ Գարիկ Սարգսյանի ղեկավարությամբ սկսվել ու հետագա տարիներին պեղվել է վանքի տարածքը։ Այդ պեղումներով են բացվել հողածածկ Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, փոքր եկեղեցին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *